

Հայաստանում առաջին սրճարան-ատելյեի հիմնադիր Շանթ Մելքոնյանի հաջողության պատմությունը
Ինչի՞ց սկսվեց Ձեր բարմենի կարիերան և արդյո՞ք եղել է կյանքում որևէ պահ, որից հետո հասկացաք, որ սա հենց Ձերն է։
Ես սկսել եմ բարմենությունը 2012 թվականից։ Սիրիայում ընտանիքս մեծ բիզնես ունի տեքստիլ ոլորտում։ Ընդհանրապես միջին արևելքում ծնված ցանկացած մարդ իր մեջ ունի խմիչքների հանդեպ մեծ սեր։ Իմ մայրիկը սալորից և չրից այնպիսի հիանալի լիկյոր էր պատրաստում, որ մինչև օրս ես զանգում եմ մայրիկիս և խնդրում ինձ ուղարկել դրանցից մի քանի շիշ։ Բնականաբար այս ամենը իր ներդրումն է ունեցել իմ կարիերայի ուղում, բայց բարմեն դառնալու հիմնական դրդապատճառը լիովին այլ է եղել։ 2012 թվականի վերջին Սիրիայում պատերազմական իրավիճակն արդեն սրվում էր և ես այդ ընթացքում այնտեղից ապրանքներ էի բերում Հայաստան և այստեղ զբաղվում դրանց վաճառքով։ Ես՝ 2 ամսվա բնակության համար նախատեսված փոքր ճամպրուկով, եկա Հայաստան և պատերազմի պատճառով այլևս չկարողացա վերադառնալ ծնողներիս մոտ՝ Սիրիա։ Քանի որ ապրուստս ապահովելու համար ինձ գումար էր պետք, ես սկսեցի աշխատանք փնտրել։ Այստեղ ընկերներիցս մեկն ուներ Tiki Bar, որտեղ բարմեն էր հարկավոր, իսկ ես այդ ընթացքում գտել էի վերապատրաստման վայր այս ոլորտում։ Իրականում բավականին քիչ ժամանակ վերապատրաստվելուց հետո, Tiki Bar-ում մտա աշխատանքի, սակայն ամենապարզ խմիչքները պատրաստելուց բացի ոչինչ չէի կարողանում անել։ Պատկերացրեք՝ մարդիկ գալիս էին պատվերներ անում, ես Youtube-ով գրում էի խմիչքի անունը և վիդեոյի հետ համահունչ փորձում պատրաստել։ Այդպես էլ սկսվեց իմ բարմենությունը։ Ես մտածում էի կոկտեյլներս շատ վատ են ստացվում, բայց հյուրերս համտեսելուց հետո այնքան լավ խոսքեր էին ասում, որ դրանցով ոգեշնչում էին ավելի շատ աշխատել և բարելավվել։ Սկսեցի շատ-շատ կարդալ և այդպես ղեկավարել իմ առաջին Tiki Bar-ը։ Դրանից հետո միացա «Բարմենների հայկական ասոցիացա»-ին, որտեղ հիմա արդեն gold member եմ հանդիսանում և հասա այս կետին, որ ոչ միայն բարմեն եմ այլ նաև բարերի պրոյեկտներ եմ ստեղծում 0-ից և ամբողջական ծառայություններ մատուցում մարդկանց։
Իսկ ինչու՞ է անվանումը Tiki Bar, այլ ոչ սովորական բար։
Իրականում առաջին տեսակի բարերն աշխարհում եղել են հենց Tiki Bar-երը և Speakeasy bar-երը։ Հին ժամանակներում Tiki Bar-երը հանդիպում էին նավերի վրա։ Ծովահենները այդ ժամանակ ծովի խոնավության պատճառով կարողանում էին զովանալ միայն ռոմից, այդ իսկ պատճառով Tiki bar-երում կարող էիք գտնել միայն ռոմով պատրաստված խմիչքներ։ Իսկ Speakeasy բարերը ի հայտ եկել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ հացահատիկի պակասի պատճառով արգելեցին դրանք օգտագործել խմիչքների պատրաստման մեջ և, կարելի է ասել, ընդհանրապես արգելեցին խմիչքի վաճառքը և արտադրությունը, և մարդիկ, օրինակ, բարբերշոփերի ներքնահարկում ստեղծում էին գաղտնի ընդարձակ բար և վաճառում long island iced tea կոկտեյլները։
Ինչպե՞ս ի հայտ եկավ սեփական սրճարանը բացելու գաղափարը։
Ուրեմն, ընկերներիցս մեկին սուրճի նոր տեսակներ էր հարկավոր, և ես էլ ստացա դրանք։ Ընկերս դրանք շատ հավանեց և առաջարկեց սուրճի մասնագիտացված սրճարան բացել, որտեղ ես կկառավարեի ամբողջ բարը։ Ես համաձայնվեցի։ Այս նույն ժամանակահատվածում կինս և իմ մտերիմ ընկերներից մեկը ունենում են ատելյեի ստեղծման գաղափար։ Կինս եղել է հայտնի օպերային երգչուհի, ով բազում հաղթանակներ է բերել Հայաստան և իր բեմական հագուստների ստեղծման համար շատ հաճախ բախվում էր այն խնդրին, որ չէր կարողանում ստանալ իր ուզած արդյունքը։ Նմանատիպ դեպքերից մեկի ժամանակ կինս ինքն իր համար կարեց բեմական զգեստ, և ես տեսնելով իր տաղանդը, որոշեցի նվիրել նրան ամեն ինչ կարի համար և այդպես կինս սկսեց իր ուղին՝ որպես դերձակ։ Մի խոսքով իրարից անկախ սկսեցինք տարածք փնտրել ատելյեյի և սրճարանի համար։ Այդ ընթացքում ինձ մոտ միտք ծագեց, որ տորբեր տարածքներ փնտրելու փոխարեն միավորենք մեր պրոյեկտները և ստեղծենք բար, որի ներսում կլինի նաև առանձին ատելյե։ Այդպես մտքիս ամբողջ պատկերացումները դարձրինք իրականություն։
Արդյո՞ք բարմենի աշխատանքը մեծ ջանքեր և սթրեսակայունություն է պահանջում։
Բարմենները շա՜տ յուրահատուկ մարդիկ են, որովհետև ոչ բոլորն են կարողանում նման սթրեսային իրավիճակներում աշխատել։ Հաճախ լսում եմ, որ խոհարարների աշխատանքն է ամենասթրեսայինը, բայց իրենց և հյուրերի մեջ կա պատ, իսկ բարմենները աշխատում են բոլորի սևեռուն հայացքների ներքո և այս ամենի հետ մեկտեղ միշտ կարողանում են մնալ ժպտերես և բարեհամբույր։ Ցանկացած բարմեն ձգտում է բարում ստեղծել առավելագույն դասավորվածություն, և եթե սովորաբար կոկտեյլը պատրաստելու համար ծախսվում է 3 րոպե ապա բարում նա ձգտում է դա հասցնել 2,5-ի։ Իրականում այս մտածելակերպը սկսում է ազդել առօրյա կյանքի վրա և նույնիսկ գրպանից որևէ բան հանելուց դու փորձում ես դա անել ճիշտ հերթականությամբ, ինչը մշտապես չի դադարեցնում ուղեղի աշխատանքը։
Կա՞ արդյոք Ձեր աշխատանքում ընդունված կանոն, որը սիրում եք խախտել կամ ուղղակի չանել ընդունված կարգով։
Ես՝ ոչ, բայց կա խախտում, որը շատ հաճախ եմ տեսնում ուրիշ բարմենների մոտ և, անկեղծ, չեմ կարողանում հասկանալ և ընդունել։ Շատ բարմեններ կոկտեյլների իրական անվան տակ պատրաստում են շիլաշփոթ՝ դրա հիմնական և սահմանված բաղադրությանը խառնելով շատ ուրիշ հավելումներ։ Ես չեմ ընդունում դա և, կարծում եմ, որ իրական անվանումը օգտագործելու փոխարեն մարդիկ կարող են նոր անուն հորինել իրենց պատրաստածին, և վերածել դա հեղինակային կոկտեյլի։
Ո՞րն է եղել ամենաարտասովոր կամ տարօրինակ կոկտեյլի պատվերը, որ ստացել եք։
Եթե ճիշտ եմ հիշում այդ դեպքը եղել է 2013 թվականին։ Մի հյուր մոտեցավ ինձ և ասաց, որ իր համար պատրաստեմ Long Island iced tea առանց ալկոհոլի։ Հիշեցնեմ բաղադրատոմսը․ այն մի քանի թունդ ալկոհոլային խմիչքներից բացի պարունակում է միայն շաքարի օշարակ, լիմոն և կոկա կոլա։ Սա եղավ իմ պատրաստած ամենատարօրինակ կոկտեյլը։ Եղել է նաև պատվիրել են Moscow Mule առանց սառույցի, բայց այդ կոկտեյլի համար նույնիսկ նախատեսվում է երկաթից բաժակ, որպեսզի այն երկար սառը մնա։ Առանց սառույցի կոկտեյլն ուղղակի կորցնում է իր հիմնական իմաստը։

Article by Christine Gh.